Կարդում ենք Վանո Սիրադեղյան․ Մաս 2

  •  Վերլուծի՛ր երկու-երեք պատմվածք՝  արտահայտելով քո վերաբերմունքը, գտի՛ր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրի՛ր նաև  պատմվածքներին բնորոշ ոճի մասին։
  •  Պատմվածքներից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես,  որոնք քեզ մտածել են տալիս։
  • ո՞րն է պատմվածքի(ների) արտահայտած գաղափարը

«Սիրելու տարիք»

Ճիշտն ասած Վանո Սիրադեղյանին առաջին անգամ էի ճանաչում որպես գրող, իսկ այս պատմվածքը կարդալուց առաջ դեռ չգիտեի, որ այն ինքնակենսագրական է։ Կայքերից մեկում հանդիպեցի մի հարցազրույցի, որտեղ Վանո Սիրադեղյանը պատմում էր իր մասին։ Նա 15 տարեկան էր, երբ առաջին անգամ սիրահարվել էր և հանուն այդ սիրո առաջին անգամ կռվի էր բռնվել մյուս տղաների հետ։

Պատմվածքի հերոսը սիրահարված էր։ Առաջին սերը երևի թե ամենաուժեղ զգացմունքն է, երբ ամբողջ աշխարհը կենտրոնանում է մի նուրբ էակի մեջ, հանուն որի պատրաստ ես շուռ տալ ամեն ինչ քո շուրջը և ամեն ինչ քո ներսում, պատրաստ ես փոխվել։ Այնպես էլ պատմվածքի հերոսը, որ հանուն իր սիրած աղջկա գիտակցաբար փոխվում է։ Եթե առաջ նա անձնական վիրավորանքին կարևորություն այնքան էլ չէր տալիս, կուլ էր տալիս որոշ բաներ, ապա հիմա ուրիշ էր, “քանի որ իր արժանապատվությունը այսուհետև իրենից բացի վերաբերելու է նաև մեկին”։ Նրան իհարկե վախեցնում էր այն փաստը, որ մենակ է կռվելու մի ամբողջ թաղի դեմ, որ իր թիկունքին կանգնած մարդ չունի։ Սակայն դա չէր կանգնեցնում նրան։ Նա գնում էր կռվի՝ լավ գիտակցելով, որ ջարդված հետ է գալու, նույնիսկ անուշ մի թախիծով խղճում էր ինքն իրեն։ Սակայն այդ ամենը դեր չէր խաղում, քանի որ գիտեր, որ ամենից հետո նա իր սիրած աղջկա աչքերի մեջ շիտակ է նայելու․․․

Պետք է խոստովանեմ, որ ինքս բազմիցս վերապրել եմ այդ վախի և քաջության, կռվել չուզենալու, բայց կռվի գնալու պատրաստակամության իրար հակասող զգացմունքները։ Եվ հեղինակը այնքան ճիշտ է փոխանցել տղայի ապրումները և մտքերը, որ կարծես ես էի կանգնած նրա փոխարեն և “Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում“։ 

«Շատ չհամարվի»

Պատմվածքը մի բազմանդամ ընտանիքի մասին է, որ սփռված է Հայաստանով մեկ ու մի օր հավաքվում են հայրական տանը, թոռներից մեկին ծառայության ճանապարհելու խնջույքին։ Հիմնական ու գլխավոր կերպարը մայրն է և իր մտքերն են, որ հիմնականում անհանգստություն են արտահայտում իր երեխաների, թոռների համար, խնջույքի պատրաստման համար։ Ստեղծագործության անվանումը իմ կարծիքով խորհրդանշական է և բնութագրում է մոր կերպարը։ Նա մի կողմից շատ ուրախ է տեսնել բոլորին՝ հավաքված հայրական օջախում, նա բառացիորեն վայելում է այդ պահը, իր ընտանիքի հետ, իր զավակների և թոռների հետ։ Միաժամանակ վախենում է, որ հանկարծ այդ ուրախությունը շատ չհամարվի և այդպես ասելով նա դիմում է Աստծուն՝ խնդրելով, որ չզրկի իրեն այդպիսի երջանկության պահերից։

Ինչու՞ եմ համարում խորհրդանշական։ Քանի որ այս պատմվածքի յուրաքանչյուր ընթերցող մոր կերպարի և այդ բառերի մեջ կարող է տեսնել իր մայրիկին, այդ նույն խոսքերը արտասանելիս։ Աչքերիս առջև իմ մայրիկն է, որ ամեն անգամ մի լավ հավաքույթներից կամ իրադարփություններից հետո փառք է տալիս Աստծուն և ասում “Շատ չհամարվի”։

Հատկապես դուր եկավ պատմության հետևյալ հատվածը․

Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…

Եվ հատկապես հեղինակի վերջին խոսքերը ինձ մտածելու առիթ տվեցին։ Ինչքան սովորական է մեզ համար, որ դա մայրերի “գործն” է անհանգստանալը, վախվխելով ծածուկ ուրախանալը, մեր համար ցավալն ու աղոթելը։ Դա մոր “գործն” է կարոտելը, բոլորին մեկ տանը իր կողքին հավաքել ցանկանալը։ Եվ ինչքան հաճախ ենք մենք մոռանում, որ տան սյուն լինելով հանդերձ նրանք ամենանուրբ և ամենափխրուն էակներն են և ինչքան կարիք ունեն, որպեսզի մենք էլ լինենք իրենց կողքին և որպեսզի մենք էլ խնդրենք «Աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես»։

  • դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել բառարանի օգնությամբ

գայթածգայթել՝ [չեզոք բայ]
1. Սայթաքել, ոտքը սահել:
2. (փոխաբերական) Ուղիղ ճանապարհից շեղվել, մոլորվել, սայթաքել:

կահկարասի – [գոյական]
Նույնն Է՝ կահույք:

2 Comments Add yours

Leave a comment