Կարդում ենք Վանո Սիրադեղյան․ Մաս 1

  • Հեղինակի  մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրի՛ր քո բլոգում։

Ճիշտն ասած առաջին կայքը, որ տեղեկություն էր տալիս Վանո Սիրադեղյանի մասին Վիքիպեդիան էր, իսկ մնացած կայքերը կրկնօրինակում էին վերջինին։ Չոր փաստեր․․․ Սակայն ես գտա մի շատ հետաքրքիր հարցազրույց նրա հետ, որը տպագրվել է 1994թ. մայիսին` ռուսալեզու «Մաքսիմում» շաբաթաթերթում ( https://mediamax.am/am/news/off-the-record/5122/)։ Կարծում եմ , այդ հարցազրույցը ավելի շատ հետաքրքիր կողմեր և փատեր է բացահայտում Վանո Սիրադեղյանի կյանքից, քան այն բոլոր չոր “թվականները”, որ տրված են Վիքիպեդիայում։ Ներկայացնում եմ ինձ համար հատկապես հետաքրքիր մի քանի հարց ու պատասխան այդ հարցազրույցից։

– Պատմեք Ձեր մանկության մասին:

– Բնականաբար, լավագույն հիշողություններս մանկությունից են: Ես ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի ափին, Վրաստանի հետ սահմանին: Մեր ընտանիքը մեծ էր` 9 երեխա էինք: Մինչև իմ ծնվելը ծնողներս արդեն չորս երեխա ունեին, ինձանից հետո ծնվեցին երեք եղբայրներս և քույրերս: Ես և քույրս երկվորյակներ ենք։ Իմ ծննդավայրը ներքնաշխարհը զարգացնելու հիասքանչ հնարավորություն էր տալիս: 

– Իսկ ի՞նչ երազանքներ ունեիք այդ տարիներին:

– Մանկությանս առաջին երազանքը ՊԱՏ տեսուչ դառնալն է եղել: Բանն այն է, որ երկու եղբայրներս եւ քավորս վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար:

 -Ի՞նչ պատճառով էիք մանուկ ժամանակ լաց լինում:

– Լացում էի, երբ ավագ եղբայրս թույլ չէր տալիս ավտոմեքենա վարել: Դա իսկապես ծանր ապրում էր ինձ համար:

– Իսկ ոչ բառացիորեն ասած` Ձեզ համարո՞ւմ եք տուն կառուցած և ծառ տնկած տղամարդ:

– Այո, ես գոհ եմ: Գիտեք, ես երբեք որևէ գլոբալ բանի չեմ ձգտել, դա իմ անձին հատուկ չէ: Սակայն ստացվեց այնպես, որ, միևնույն է, ես հսկայական իրադարձությունների մասնակիցը դարձա: Եթե դա չլիներ, ես կրկին կյանքիցս գոհ կլինեի` գրական աշխատանքից, երեխաներիցս: Հիմա առավել գոհ եմ: Այնպես որ, կարող եք համարել, որ ես կայացել եմ:

– Նկարագրեք այն արարքը, որը Դուք ինքներդ Ձեզանից չէիք սպասում…

– Դա 15 տարեկանում էր, երբ ես առաջին անգամ սիրահարվեցի: Այդ տարիքում տղաների միջև հարաբերությունների պարզաբանումը սովորական երևույթ է: Սակայն մենք ապրում էինք ադրբեջանցիների հետ կողք-կողքի, նրանք մեզ բավականին «նեղում» էին: Առօրյա վեճերում միշտ մենք էինք տուժում, քանի որ նրանք անհամեմատ ավելի շատ էին: Իսկ երբ սիրահարվեցի, մի անգամ ինքս վեճ նախաձեռնեցի, ինչն ինձ ընդհանրապես բնորոշ չէր, և ես իսկապես զարմացած էի իմ այդ քայլով: Ուղղակի չէի կարող թույլ տալ, որ Երևանից մեզ մոտ եկած աղջիկը, ում ես սիրահարվել էի, տեսնի, որ մեզ նեղում են: Մանկուց տանել չեմ կարողանում ատելության մթնոլորտը: Կռիվները, հայհոյանքները, «ռազբորկաները» ընդհանրապես իմ սրտով չէին: Ես ավելի պոետիկ էություն ունեի: Սակայն այդ ժամանակ այդ ամենն հօդս ցնդեց, անգամ վախը: Այդ ժամանակվանից` տղամարդ դառնալուն պես, իմ կյանքում նոր փուլ սկսվեց: Իսկ պատճառը սերն եղավ:

– Ինչպե՞ս եք կարծում, որպես հայր, որը թեկուզ և զբաղված է պետական կարևորության գործերով, Դուք Ձեր երեխաներին տվե՞լ եք այն ամենը, ինչ պետք է տայիք: 

– Վերջին տարիների ընթացքում ժամանակ չեմ ունեցել լրջորեն զբաղվելու երեխաներով: Միգուցե այդ տաղանդը չունեմ… Ըստ իս, տվյալ հարցերով պետք է մայրը զբաղվի, քանի որ հույս դնել այն հոր վրա, ով գրող է եղել, ապա քաղաքական գործիչ դարձել, այնքան էլ հեռանկարային չէ:

– Ձեր չիրագործված երազանքը…

– Սեփական տուն ունենալը:

– Ինչի՞ց է վախենում Վանո Սիրադեղյանը եւ ո՞ւմ առջև է զգում ամենամեծ պատասխանատվությունը:

– Վախենում եմ անհեթեթ մահից: Մահից ընդհանրապես չեմ վախենում , նման խնդիր չկա: Սակայն, երբ պատկերացնում եմ, որ կարելի է փողոցով քայլել եւ մահանալ պատահաբար գլխիդ ընկած քարից, տհաճ զգացողություն եմ ունենում: Իսկ առավել պատասխանատվություն զգում եմ Շարժման ընկերներիս առջև:

– Ի՞նչն եք սիրում Ձեր Հայրենիքում և ինչի համար: Չէ՞ որ այն այնքան հեռու է կատարյալ լինելուց…

– Դա բացատրության ենթակա չէ: Մի անգամ գրել եմ, որ Հայաստանը պետք է մանրամասն սիրել, քանի որ այն շատ է: Ինչպե՞ս չսիրել Հայրենիքը…

– Շարունակեք արտահայտությունը. “Վանո Սիրադեղյանը…”: Ո՞վ է նա` Վանո Սիրադեղյանը: 

– Վանո Սիրադեղյանը բարի չէ, բայց չար էլ չէ․․․

2 Comments Add yours

Leave a comment