Վանո Սիրադեղյանի օրեր

  • ընտրել հետաքրքրող հոդվածը կամ հոդվածները, կարդալ-վերլուծել

Երբ ստացա այս առաջադրանքը, ճիշտն ասած տարակուսեցի, քանի որ ես երբեք չէմ վերլուծել քաղաքական գործիչների, առավել ևս որ ծանոթ չէի Վանո Սիրադեղյանի գործունեությանը։ Առաջին հերթին հարցրեցի հայրիկիս, նա էլ պարզաբանեց՝ Վանո Սիրադեղյանը եղել է պետական, քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս: Շատ հակասական կերպար ըստ հայրիկիս։ Ղարաբաղ կոմիտեի անդամ, որի քաղաքական վերլուծությունները ժողովուրդը լսում էր մեծ հետաքրքրությամբ ցույցերի ժամանակ։ Հետագայում ներքին գործերի նախարար, ապա Երևան քաղաքի քաղաքապետ։

Առաջադրանքի շրջանակներում սկսեցի կարդալ նրա մի քանի հոդվածներ։ Առաջինը, որ ինձ շատ զարմացրեց, այն էր, որ կարծես այդ հոդվածները գրված լինեին այսօր, այլ ոչ թե 10-20 տարի առաջ։ Ինձ հիացրեց “Խաչակրած բանակին սպասելիս” հոդվածում նրա հայ ժողովրդի կերպարի նկարագիրը․

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։ Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։ Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրել պարտադիր չէ․․․

Նրա մտքերը, վերլուծությունները, եզրահանգումները, ցավոք սրտի, ակտուալ են նաև այսօր։ Գրեթե ոչինչ չի փոխվել՝ իր ուժերին չապավինող ժողովուրդ, ոխերիմ “դաշնակցի” շահերը հետապնդող քաղաքական կուսակցություններ և այլն։ Ճիշտն ասած Վանո Սիրադեղյանի հոդվածները ինձ վրա թողեցին ծանր տպավորություն, ինչ որ դատապարտվածության զգացողություն, որ մեր նման երկրները իրավունք չունեն զարգանալ իրենց նախընտրած ուղով և մեծ պետությունների ձեռքում միայն մանրադրամ են։ Դա հատկապես ակնհայտ է երևում “Կռվից դուրս գալ փոքր կորուստներով” հոդվածում․

Հապա ո՞րն է Հայաստանի ապահովությունը, եթե ժամանակն էլ է աշխատում հակառակորդի օգտին։ Մեկ բան։ Պարզ, անհնարինին շատ մոտ մի բան հայերիս համար՝ շուտափույթ գիտակցումը այն ճշմարտության, որ մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդը շահելու բան չունի, շահն այն է, որ այդ կռվից դուրս գա փոքր կորուստներով։

Վանո Սիրադեղյանը վեր է հանում մեր հասարակության խոցերը, մանրադիտակի տակ ուսումնասիրում դրանք, ապա տալիս ախտորոշումը։ Իսկ երբ կա հիվանդության ախտորոշում, ապա ճիշտ բուժման դեպքում հիվանդի ապաքինումը հնարավոր է։ Իմ կարծիքով նա բուժման ուղիներից մեկը տեսնում է նոր եկող սերնդի մեջ, որը չունենալով Խորհրդային Միության ախտանիշները ավելի անկախ են և ավելի համարձակ՝ “Ա1+․ Մի բուռ Եվրոպա ասիայի 4֊րդ հարկում։

Ազատությունը ոչ միայն լեզու է բացում (դա արտածին է), այլեւ արձակում է միտքը կաշկանդանքից։ Մենք ունենք ազատության այդ սերունդը՝ մեր գլխավոր նվաճումը․․․