Վահան Տերյան — Հոգևոր Հայաստան

Կարդացե՛ք հոդվածները, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել:
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները:

Անկեղծ լինեմ, երբեք չեմ ճանաչել Վահան Տերյանին որպես հասարակական-քաղաքական գործիչ։ Ինձ համար Տերյանը եղել է միշտ սիրո բանաստեղծ։ Սակայն “Հոգևոր Հայաստան” հոդվածը կարդալուց հետո բացահայտեցի ինձ համար Վահան Տերյան հայրենասեր տեսակը։

Իր հոդվածում Տերյանը իրար կողքի է դնում և համեմատում հոգևորն ու ֆիզիկականը և ակնհայտորեն ավելի վեր դասում հոգևորը։ Եվ դա հասկանալի է, քանի որ զարգացնելով հոքևոր արժեքներն ու մշակույթը կարելի է նաև անմահ պահել Հայաստանը։ Տերյանը գրում է․

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

Ես կարող եմ հասկանալ նրա մտահոգությունը։ Սակայն ֆիզիկականն ու հոգևորը միմյանց հետ սերտորեն կապված են, և ֆիզիկական բնաջնջման , ազգի կործանման դեմ պայքարը նույնքան կարևոր է։ Ինձ թվում է, եթե մեր երկրին ֆիզիկական բնաջնջում չսպառնա, մարդիկ թևեր կառնեն, կարարեն և կստեղցեն՝ զարգացնելով հոգևորը։ Տերյանը հոգևորը ֆիզիկականից, միևնույնն է, վեր է դասում և առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է համարում ու դատարկ։

Տերյանը խոսում է նաևՀայկական հարցի մասին և նշում․

Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով և ոսկե երազներով սերունդներ են կրթվել,  այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ«Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:

Իրոք որ, Հայկական հարցը առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք, Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացյալ և ամբողջական պետականություն ունենալու հնարավորությունից։ Այն  հայ ժողովրդի պայքարն է Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման և ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում համախմբման և այդ նպատակներին հասնելու համար։ Տերյանը գրում է․

Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում:

Միաժամանկ սակայն նա վրդովվում է այն ինտելիգենցիայի ներկայացուցիչների վրա, որոնք Հայություն եւ Հայաստան ասելով գրեթե միշտ թուրքահայությունը նկատի ունեն և խոսում են Թուրքաց Հայաստանի ազատագրման մասին: Սակայն անկախություն ձեռք բերելով, Հայկական հարցը լուծելով, նշում է Տերյանը, չի ավարտվում, այլ սկսվում է մեր ազգանվեր գործը:

Տերյանը գրում է նաև ազգի կուլտուրայի մասին, որը միայն մեր ազգին բնորոշ արմատական գծերի, սովորույթների ամբողջականություն է: Նա այդ կուլտուրայի գլխավոր գործոններն է համարում լեզուն, գրականությունն ու արվեստը: Խոսելով հայ բուրժուա-ինտելիգենցիայի մասին, նա շեշտում է, որ նրանց համար այդ կուլտուրան գոյություն չունի, և այդ պատճառով նրանք չեն տիրապետում նաև ազգի կուլտուրայի գլխավոր գործոններին: Տերյանը մեղադրում է բուրժուազիան այն բանում, որ նա շքեղ շենքեր է կառուցում, և անվանում է նրանց հայրենասիրությունը «Շենքերի հայրենասիրությունը».

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…

Կարդալով հոդվածը, հասկացա մի բան, որ Տերյանի խոսքերը կարելի է լիովին վերագրել մեր օրերին, որ ինչքան էլ ժամանակ չի անցել, համարյա ոչինչ չի փոխվել, և որ ցավոք սրտի հայերը իրենց պատմությունից դասեր չեն քաղում։ Սակայն ինչպես և Տերյանը իր հոդվածում, այնպես էլ ես դեռ հույս ունեմ, որ “․․․Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա․․․”

Ես նաև լիովին համամիտ եմ Տերյանին այն հարցում, որ Հայրենիքը ոտքի կանգնեցնելու և ամրապնդելու համար առաջին հերթին պետք է բարձրացնել դպրոցների մակարդակը, դաստիարակել կիրթ մարդկանց հոգևոր մեծ արժեքներով։ Միայն այդ դեպքում Հայաստանը վերջապես վերելք կապրի, նոր սերունդները այլևս չեն կրկնի անցյալի սխալները, և յուրաքանչյուրը վերջապես կսովորի իր մեջ կրել “Հոգևոր Հայաստանը”։

One Comment Add yours

Leave a comment